Շվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածու

Շվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Թանդ Ռինգկվիստը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ կենտրոնամետ կառավարություն ձևավորելու նպատակով։ Այս մասին նա հայտնել է SVT հեռուստաալիքին՝ խորհրդարանի խոսնակի հետ բանակցություններից հետո։ Թանդ Ռինգկվիստի խոսքով՝ խոսնակը եզրակացրել է, որ կառավարության ձևավորման գործընթացում հաջորդ քայլը պետք է լինի իր թեկնածության առաջադրումը։ Միաժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ իրավիճակի հանգուցալուծման այլ տարբերակներ ևս առկա են։ «Կենտրոնական կուսակցությունը կշարունակի պատասխանատվություն կրել և կառուցողականորեն նպաստել Շվեդիայի կառավարության ձևավորմանը»,– հայտարարել է նա։ Նախատեսվում է, որ կենտրոնամետ կառավարությունը կձևավորվի Կենտրոնական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության, Քրիստոնյա դեմոկրատների, Կանաչների կուսակցության և Լիբերալների մասնակցությամբ։ Շվեդիայում կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի խոսնակը խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների առաջնորդների հետ և առաջարկում վարչապետի թեկնածուին։ Ըստ գործող կարգի՝ թեկնածուի ընտրվելու համար անհրաժեշտ չէ ձայների բացարձակ մեծամասնությունը. բավարար է, որ Ռիկսդագի պատգամավորների մեծամասնությունը դեմ չքվեարկի նրա թեկնածությանը։

Article source: News.am | Image credit: News.am

News Desk: News Desk is the editorial publishing account for Tringlobe Media News, covering breaking news, public affairs, entertainment, community developments and regional stories across Trinidad and Tobago, the Caribbean and internationally.