Դաշնային դատավոր Տանյա Չատկանը 14 օրով կասեցրել է Վաշինգտոնում՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատան մուտքի մոտ նախատեսվող հաղթական կամարի շինարարական աշխատանքները։ 76-մետրանոց կառույցի նախագիծը, որը նախաձեռնել է Դոնալդ Թրամփի վարչակազմը, ստացել էր ԱՄՆ մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի հավանությունը, ինչը թույլ կտար շինարարությունը սկսել նոյեմբերի 6-ից։ Դատարանի որոշումը կայացվել է վետերանների խմբի, ինչպես նաև Կոլումբիայի օկրուգի և Վիրջինիա նահանգի կողմից ներկայացված հայցերի հիման վրա։ Հայցվորները պնդում են, որ նախագծի մշակման ընթացքում շրջանցվել են անհրաժեշտ բնապահպանական և պատմական փորձաքննությունները։ Բացի այդ, հայցում նշվում է, որ շինարարության համար անհրաժեշտ էր Կոնգրեսի հատուկ թույլտվությունը, որը, ըստ հայցվորների, չի ստացվել։ Իր որոշման մեջ դատավոր Չատկանը նշել է, որ կամարի կառուցումը կարող է լուրջ ֆինանսական բեռ դառնալ Կոլումբիայի օկրուգի և Վիրջինիայի համար, ինչպես նաև խոչընդոտել Արլինգթոնի գերեզմանատան հարակից տարածքների տրանսպորտային երթևեկությանը։ Դոնալդ Թրամփը նախագիծը հիմնավորել էր մայրաքաղաքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ նշելով, որ կամարը կարող է ծառայել որպես ռազմական համալիր՝ դիպուկահարների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման համար։ Զուգահեռաբար, Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնել է Սպիտակ տան լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Ըստ The Washington Post-ի՝ ծրագրերը ներառում են Արևելյան թևի ամբողջական քանդումը և դրա տեղում 300 միլիոն դոլար արժողությամբ նոր պարահանդեսների սրահի կառուցումը։ Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան վերակառուցման համար նախատեսվում է ծախսել առնվազն 900 միլիոն դոլար։